Խորհրդարանական ոչ իշխանական չորս խմբակցությունների առաջադրած 12 պահանջներից ոչ մեկը Կառավարությունը չի կատարել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Խորհրդարանական ոչ իշխանական եռյակի («Ժառանգություն», ՀԱԿ, ԲՀԿ) հանրահավաքի ժամանակ Վանաձորում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
« «Ժառանգության» համար 12 կետերից ոչ մեկ չի կատարվել։ Որեւէ կետ չի արվել, որեւէ քայլ չի արվել, որովհետեւ այդ քայլը բովանդակություն պետք է լիներ, ոչ թե տառ։ Բովանդակային փոփոխություններ մենք չենք զգացել»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը։
«Ժառանգության» փոխնախագահի խոսքով՝ եթե ժողովուրդը իշխանությանը թույլ տա կատարել սահմանադրական փոփոխություններ, այդպիսով նրան վերարտադրվելու հնարավորություն կտա։ Ինչպես նշեց Արմեն Մարտիրոսյանը՝ առաջին անգամ է, որ, անկախ քաղաքական հայացքներից, Խորհրդարանական ոչ իշխանական երեք խմբակցություններ միավորվել են մեկ գաղափարի՝ իշխանափոխության շուրջ։
«Անցած տարվա ձեր քվեարկությամբ Վանաձորում Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթեց, որովհետեւ դուք կամք ունեք։ Ձեր պահանջը պետք է լինի առաջնային, ձեր շահերը պետք է լինեն առաջնային, եւ չկա այլ ճանապարհ, քան իշխանափոխությունը։ Հայաստանի իշխանությունը կոռուպցիայի մեջ թաթախված է մինչեւ վերջ, նրա առավելագույն բարեփոխումը Սուրեն Խաչատրյանին նորից մարզպետ նշանակելն է եւ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն դատապարտելը։ Սա այն իշխանությունն է, որի համար ինչքան շատ արտագաղթ, այնքան լավ։ Սա այն իշխանությունն է, որն ասում է՝ ես չեմ կարող ձեր անվտանգությունը ապահովել։ Մենք ասում ենք՝ մենք մեր քաղաքացիների հետ եւ մեր անվտանգությունը կապահովենք, եւ Շանթին ու իր ընկերներին ազատություն կտանք։ Հայաստանում այլեւս քաղբանտարկյալ չի լինելու»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը։




























