Հայաստանի ժողովրդական կուսակցությունը մասնակցելու է հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կայանալիք եռյակի հանրահավաքին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը:

Նա նշեց, որ ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը այժմ Հայաստանում չէ, մեկնել է արտերկիր՝ գործուղման, բայց հոկտեմբերի 10 կլինի այստեղ եւ եթե որեւէ ֆորս-մաժոր չլինի, ապա անպայման մասնակցելու է հանրահավաքին եւ ելույթ է ունենալու: Գրիգոր Հարությունյանը ասաց, որ ՀԺԿ-ն լինելու է Ազատության հրապարակում այնպես, ինչպես հիմա մասնակցում են մարզային այցերին: Ինչ վերաբերում է հանրահավաքի կազմակերպիչների կողքին՝ ՀԱԿ, ԲՀԿ եւ «Ժառանգություն», ՀԺԿ-ի անունը նշելու պահանջին, Գրիգոր Հարությունյանն ասաց, որ ՀԱԿ-ը եռյակի գործողություններին մասնակցում է խմբակցության ձեւաչափով, իսկ խմբակցության մեջ նաեւ ՀԺԿ-ն է՝ ի դեմս Ստեփան Դեմիրճյանի:

Նշենք, որ «168 ժամ» թերթը գրել էր, որ «ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը դեռեւս չի որոշել՝ մասնակցե՞լ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, թե՞ ոչ: Խնդիրն այն է, որ թեեւ Դեմիրճյանը ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ է, սակայն նա չի մասնակցում եռյակի մարզային հանրահավաքներին, քանի որ այդ հանրահավաքներին մասնակցում են միայն ՀԱԿ կուսակցության անդամները: «Իր մերձավոր շրջապատի ներկայացուցիչների մոտ Դեմիրճյանը մի քանի անգամ ասել է, որ ինքը վերջնական՝ որոշում չունի` մասնակցե՞լ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, թե՞ ոչ: Դեմիրճյանը ցանկանում է, որ հանրահավաքի կազմակերպիչ կուսակցությունների շարքում` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» կողքին, նշվի նաեւ ՀԺԿ-ի անունը: Հանրահավաքի կազմակերպիչները, հնարավոր է, բավարարեն այս պահանջը»,-գրել է թերթը։