ՌԴ, Ուկրաինայի եւ ԵԱՀԿ ռազմական փորձագետները քննարկում են 15 կմ երկարությամբ անվտանգության գոտու ստեղծումը կողմերի միջեւ շփման գծից Միսնկի համաձայնությունների շրջանակներում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ մեջբերելով Դոնեցկի ինքնահռչկա ժողովրդական հանրապետության փոխվարչապետ Անդրեյ Պուրգինին: Իր հաղորդագրության մեջ Պուրգինը հերքել է հայտարարությունն այն մասին, որ կողմերը քննարկում են բուֆերային գոտու ստեղծումը. «Մենք բուֆերային գոտին չենք քննարկում, այլ անվտանգության գոտին: Սա շփման գծից 15 կմ հետ քաշվել է նշանակում»,- ասել է Պուրգինը:

Նա նշել է, որ ուժայինների ու աշխարհազորայինների շփման գծի 75 տոկոսի վրա պահպանվում է հրադադարի ռեժիմը: Խնդիրներ կան երեք հատվածում. «Մարտական բախումներ են ընթանում Դեբալցեւո շրջանում, Դոնեցկի շրջանում եւ Տելմանովո շրջանում: Այսինքն մենք պետք է գրանցենք, որ ինչ-որ դրական փոփոխություններ կան: Սակայն, այնումամենայնիվ, տեխնիկական շատ հարցեր կան»,- նշել է ԴԺՀ փոխվարչապետը:

Պուրգինը նաեւ հաղորդել է, որ փորձագետները քննարկում են ականազերծման հարցը: «Տեղի բնակիչները մշտապես ականների պայթյունների զոհ են դառնում: Մենք դաշտեր ունենք, որոնք երբեք ոչ ոք չի մշակում, քանի որ դրանք ականապատ են: Հարցերը քննարկվում են»,- նշել է նա: