«Նախախորհրդարանը» պաշտոնապես չի մասնակցելու Ազգային ժողովի ոչ իշխանական եռյակի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» համատեղ համապետական հանրահավաքին: Այս մասին այսօր` հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Նախախորհրդարանի» անդամ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
«Նախախորհրդարանից» կան մարդիկ, ովքեր ցանկանում են մասնակցել հանրահավաքին եւ այդ օրը մեզ մոտից շատերը կլինեն Ազատության հրապարակում: Ինքս չեմ գնալու, քանի որ իմ եւ եռյակի հայացքները չեն համընկնում»,- ասաց ազգագրագետը:
Թե ինչ է ուզում եռյակը եւ հոկտեմբերի 10-ից հետո ինչ կփոխվի Հայաստանի ներքաղաքական կյանքում, Հրանուշ Խառատյանը դժվարացավ պատասխանել` նշելով միայն, որ հստակ չէ, թե ինչ են ուզում ոչ իշխանական ուժերը:
«Ինձ զարմացնում է, որ եռյակն արտաքին քաղաքականությանը չի անդրադառնում, մինչդեռ հենց ԵՏՄ-ին անդամակցելու մասին պետք է բարձրաձայնել»,- ավելացրեց «Նախախորհրդարանի» անդամը:
Նշենք, որ եռյակի հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում: Հանրահավաքին խոսվելու է Սահմանադրական բարեփոխումների եւ քառյակի ներկայացրած 12 պահանջների մասին:




























