Մոսկվայում նշելու են խորհրդային եւ ռուսական կրկեսի հիմնադրման 95-րդ տարեդարձը: Տոնական միջոցառումներին, որպես Պատվավոր հյուր հրավիրված է եւ կմասնակցի նաեւ Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ, Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը:
Հայաստանի կրկեսային գործիչների միության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հոբելյանական միջոցառումների ծրագրում նախատեսված է կրկեսային արվեստի զարգացման խնդիրներին նվիրված խորհրդաժողով, որի շրջանակներում Սոս Պետրոսյանը կներկայացնի հայկական կրկեսի մասին իր թեզը, որտեղ նա անդրադառնում է հայկական ժամանակակից կրկեսային արվեստին եւ գեղարվեստական արժեքներին:
Խորհրդաժողովի Պատվավոր հյուրերը՝ տարբեր երկրների կրկեսային գործիչները նմանապես կհանդիպեն նաեւ Միխայիլ Ռումյանցեւի («Կարանդաշ») անվան կրկեսային եւ էստրադային արվեստի պետական ուսումնարանի սաների եւ դասախոսական կազմի հետ: Այս ուսումնարանում է 60-ականների կեսերին ուսանել նաեւ Սոս Պետրոսյանը: Եվ կազմակերպվելիք «վարպետության դասերի» շրջանակում Սոս Պետրոսյանն սկսնակ արտիստներին կպատմի իր անցած ուղու եւ կուտակած փորձի մասին:
Հոբելյանական Գալա-ներկայացումը նախատեսված է հոկտեմբերի 11-ին՝ Ցվետնոյ բուլվարի Նիկուլինի անվան Մոսկովյան կրկեսում: Հեքիաթաշուք շոուն, ինչպես խոստանում են կազմակերպիչները, իր յուրահատկությամբ կտպավորի ինչպես շարքային հանդիսատեսներին, այնպես էլ՝ մանեժի անվանի վարպետներին: Գալա-ներկայացումը ներառելու է ամենատարբեր կրկեսային ժանրերի ներկայացուցիչների. հանդիսատեսին կցուցադրվեն տաչանկայով նժույգների վազք, օդային մարմնամարզիկների, էկվիլիբրիստների, ձեռնածուների եւ այլ արտիստների ելույթներ:




























