Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլեվնելիեւը Ռուսաստանն անվանել է ազգայնական եւ ագրեսիվ տերություն, փոխանցում է InoPressa-ն՝ վկայակոչելով Frankfurter Allgemeine գերմանական թերթին նախագահի տված հարցազրույցը:
«Մենք բոլորս ցանկանում ենք որպես գործընկեր տեսնել այն երկիրը, որը աշխարհին տվել է Չայկովսկի, Տոլստոյ եւ Դոստոեւսկի: Բայց փաստերը խոսում են այն մասին, որ այսօր մենք գործ ունենք այլ Ռուսաստանի հետ, որը Եվրոպան ոչ թե գործընկեր, այլ հակառակորդ է համարում: Բոլոր եվրոպացիները շահեցին Բեռլինի պատի անկումից: Նրանք ստացան ազատություն, ժողովրդավարություն, հեռանկար: Սակայն Վլադիմիր Պուտինը կարծում է, որ պատի անկումը եւ ԽՍՀՄ փլուզումը, հակառակը, աղետ էին: Այստեղից էլ բխում է նրա մեկնաբանությունը պատմությանը, որը սկզբունքորեն հակադրվում է Եվրոպային եւ դրա արժեքներին», - նշել է Պլեվնելիեւը:
Եվրամիությունը, ըստ նրա, նորարարական նախագիծ է, որում մեծ Գերմանիան եւ ոչ այնքան մեծ Բուլղարիան իրավահավասար են: «Պուտինի պատկերացումներում, հակառակը, խոսքը դեռեւս XIX դարի մասին է, երբ գոյություն ունեին գերտերություններ եւ ծայրագավառներ, որոնք պետք է ենթարկվեին դրանց»:
Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը Պլեվնելիեւը անվանել է վտանգավոր. «Դա վտանգավոր է: Ուկրաինացի ժողովուրդը պետք է ինքը որոշի իր ապագան, ոչ թե ինչ-որ ուժերը»:
Անդրադառնալով «Հարավային հոսքի» հարցին՝ Բուլղարիայի նախագահն ընդգծել է, որ լինելով ԵՄ անդամ՝ Բուլղարիան թույլ չի տա, որ գազատարը կառուցվի եվրոպական կանոններին հակառակ: «Ես կարծում եմ, որ վերջիվերջո նախագիծը կիրականացվի, բայց այդ մասին որոշումը կարող է կայացվել միայն Եվրահանձնաժողովում»:
Նախագահի խոսքով՝ Բուլղարիան երկրորդ ատոմային էլեկտրակայանի կարիք չունի, որը նախատեսում էին կառուցել ռուսական հատուկ տեխնիկայի կիրառմամբ:



























