ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հոկտեմբերի 10-ին կմասնակցի Ազատության հրապարակում Խորհրդարանական ոչ իշխանական եռյակի հանրահավաքին, եթե նրանցից հրավեր ստանա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանը։
«Անմիջական հրավեր չկա, հետեւաբար իմ լինելը կախված է նրանից, թե ինչ զարգացումներ կլինեն։ Իրենք իրենց հիմնական օրակարգը, կարգախոսը, պահանջը չեն հստակեցրել, ու այս պայմաններում դժվար է նախնական բան ասել։ Ամեն դեպքում մերոնք կգնան, եթե հրավիրեն, ես էլ կգնամ, բայց ոչ որպես դիտորդ»,-ասաց Պարույր Հայրիկյանը։
ԱԻՄ առաջնորդի խոսքով՝ եռյակի եւ իր կուսակցության գաղափարների միջեւ միայն մի ընդհանրություն կա. իրենք երկուսն էլ դեմ են սահմանադրական բարեփոխումներին։
Ըստ Պարույր Հայրիկյանի՝ Մաքսային միության անդամակցության հարցը հոկտեմբերի 10-ի հանրահավաքի օրակարգում չընդգրկելով՝ եռյակը «շատ կարեւոր բան է անտեսում»։
«Հիվանդագին չի վերաբերմունքս, ես ուրախ եմ, որ իրենք փորձում են քայլ անել, բայց որ կարեւորը երկրորդականից չեն տարբերում, մեր խնդիրն օգնելն է, որ հասկանան։ Ոնց որ 1988թ. օգնում էին, որ Լենին, Գորբաչով գոռացողները հասկացան, որ ինքնորոշումն ու անկախությունն են կարեւորը, այսօր էլ պետք է հուշել, որ արտաքին քաղաքականությունը նշանակում է ինքնիշխանություն, ժողովրդավարություն, դրանք են հիմնական խնդիրները։ Հիմքում մի բան է ընկած՝ երկիրը պետք է պատկանի քաղաքացուն։ Եթե քո արածի հիմքում ընկած չի երկիրը ժողովրդին հանձնելը, ուրեմն ճիշտ ճանապարհին չես։ Այսօր Մաքսային միության հարց կա, ո՞նց կարելի է դա անտեսել հոկտեմբերի 10-ին»,-ասաց Պարույր Հայրիկյանը։
Հիշեցնենք, որ Խորհրդարանական ոչ իշխանական եռյակը («Ժառանգություն», ԲՅԿ, ՀԱԿ) հոկտեմբերի 10-ին համապետական հանրահավաք են հրավիրել Ազատության հրապարակում։ Մինչեւ հոկտեմբերի 10-ը եռյակն անցկացնում է մարզային իրազեկման հանրահավաքներ, խմբակցությունների անդամներն արդեն եղել են Աբովյանում, Իջեւանում, Արարատում, Կապանում, Սիսիանում, Հրազդանում, Վանաձորում։




























