ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում այսօր հրապարակվել են 2015թ. Երեւանում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի եւ Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի տարբերանշանի /լոգո/ մրցույթի արդյունքները: Շնորհավորելով մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կարեւորել է այն հանգամանքը, որ տարբերանշանի մրցույթին մեծ է եղել երիտասարդ մասնագետների մասնակցությունը` հաշվի առնելով, որ Բոլոնիյաի գործընթացը խորհրդանշում է երիտասարդների միասնությունն ու շարժունունությունը.

«Մրցույթում առաջադրված պայմանը հետեւյալն էր. տարբերանշանը պետք է արտացոլեր եվրոպական բարձրագույն կրթական տարածքը եւ Հայաստանը՝ որպես գագաթաժողովը հյուրընկալող երկիր:

Մրցութային հանձնաժողովն արդեն առանձնացրել է լավագույն եռյակը, որոնցից առաջին տեղը գրաված տարբերակը ներկայացվելու է Եվրոպայում, իբրեւ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի լոգո: Այն կներկայացվի նաեւ նոյեմբերին` Հռոմում կայանլիք Բոլոնիայի հետամուտ խմբի նիստի ժամանակ: Դրանից հետո Հայաստանի` իբրեւ Բոլոնիայի քարտուղարությունն ստանձնած երկրի, բոլոր միջոցառումները մինչեւ 2015 թվականը՝ քարտուղարության ժամկետի ավարտը, կանցկացվեն այդ տարբերանշանի ներքո՝ միջազգային հարթակներում արտացոլելով Հայաստանն իբրեւ հյուրընկալող երկիր, եւ Երեւանը` իբրեւ եվրոպական կրթական տարածքի մայրաքաղաք»,- իր խոսքում նշել է Ա. Աշոտյանը:

Այնուհետեւ մրցութային հանձնաժողովի կողմից լավագույնը ճանաչված երեք տարբերակների հեղինակները ներկայացրել եւ ցուցադրել են իրենց աշխատանքները: Հաղթող է ճանաչվել Գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտ Լուիզա Պետրոսյանի առաջարկած տարբերակը: Այստեղ, իբրեւ Հայաստանի խորհրդանիշ, ընտրված է նուռը, աստղի պատկերը վերցված է Բոլոինայի տարբերանշանից, եւ այս երկու խորհրդանիշի համաձուլմամբ ու համադրմամբ ստացվել է վերջնական տարբերանշանը, որի ներքո անցկացվելու է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի երեւանյան նախարարական գագաթաժողովը:

Շնորհավորելով հաղթողին՝ նախարար Ա. Աշոտյանը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին եւ նշել, որ տարբերանշանի մրցույթում երկրորդ տեղը գրաված տարբերակը, հեղինակի՝ Արման Հակոբյանի համաձայնությամբ, ՀՀ ԿԳՆ-ն նվիրել է ԼՂՀ ԿԳՆ-ին, որն արդեն օգտագործվել է "Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում" միջազգային համաժողովի ժամանակ, որտեղ հյուրընկալող երկիրը ԼՂՀ-ն էր:

Մրցութային հանձնաժողովը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, ամփոփելով մրցույթի արդյունքները, հաղթող է ճանաչել Լուիզա Պետրոսյանին /1-ին տեղ/, Արման Հակոբյանին /2-րդ տեղ/ եւ Նորա Սմբատյանին /3-րդ տեղ/: Հաղթողների համար սահմանվել է մրցանակային ֆոնդ՝ համապատասխանաբար՝ 300 հազար դրամ, 200 հազար դրամ, 100 հազար դրամ:

Մրցութային հանձնաժողովի որոշմամբ եւ ՀՀ ԿԳ նախարարի հրամանով` մրցույթի մասնակիցներից Մարիետա Հարությունյանը, Մարիանա Սարգսյանը եւ Գեւորգ Բալյանը պարգեւատվրել են նախարարության շնորհակալագրերով:

  Տարբերանշանի օգտագործման եւ տնօրինման իրավասությունը պատկանում է ՀՀ ԿԳՆ-ին. այն կհրապարակվի, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ կօգտագործվի մայրաքաղաքում` իբրեւ արտաքին գովազդի պաստառ: