Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջեւ ընկած այգու վերակառուցման աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է այգու շինհրապարակ:
2014թ. նախատեսված համալիր բարեկարգման ծրագրով շուրջ 13200քմ ընդհանուր մակերեսով հանգստի գոտին ամբողջությամբ բարեկարգվում է եւ առաջիկայում կհանձնվի բնակիչների տնօրինմանը: Ներկայացնելով աշխատանքների մանրամասները՝ պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ համաձայն նախագծի՝ տարածքի 5976 քմ-ն արդեն երեսպատվել է բետոնե, բազալտե եւ տրավերտինե սալիկներով: Զուգահեռաբար տեղադրվել է նաեւ 706 գծմ եզրաքար, կառուցվել են 235 գծմ ընդհանուր երկարությամբ աստիճաններ։ Հանգստի գոտու մուտքը հարմարեցված կլինի նաեւ տեղաշարժման խնդիրներ ունեցող բնակիչներին:
Զեկուցվել է նաեւ, որ հանգստի գոտին ամբողջությամբ ապահովվել է արտաքին լուսավորության ու ոռոգման նոր համակարգերով, շատրվանային երեք համալիրներով: Առաջիկայում կիրականացվի նաեւ հանգստի գոտու կահավորումը: Կտեղադրվեն նորաոճ նստարաններ, աղբամաններ, կծաղկապատվեն նորաստեղծ սիզամարգերն ու այգու կանաչ գոտիները: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել աշխատանքների ընթացքն ու որակը եւ գործընթացն ավարտել նախատեսված ժամկետում:




























