«Շանթ» հեռուստանընկերության կազմակերպած` Գյումրիում «Թումո» կենտրոնի կառուցման համար այսօր` հոկտեմբերի 7-ին, սկսված հեռուստամարաթոնին Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը փոխանցել է 30 հազար ԱՄՆ դոլար, իսկ ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանին պատկանող բարեգործական հիմնադրամը` 1 մլն դրամ:
NEWS.am-ի հետ զրույցում Սամվել Բալասանյանի մամուլի քարտուղար Լիլիթ Մակարյանը հաստատեց տեղեկությունը` դժվարանալով պատասխանել հարցին, թե ինչու հենց մեկ մլն դրամ: Իսկ Վարդան Ղուկասյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը միշտ էլ կանգնած է եղել կարիքավորների կողքին:
«Այնտեղ, որտեղ Գյումրիիս անունն է, ես միշտ իմ քաղաքի կողքին եմ: Ես ցավում եմ, որ անուն-ազգանուններ կան, որ էստեղ չկան, շատ մարդիկ պետք է զգաստանան, պետք է չորը ցամաքից տարբերեն, լույսը խավարից: Երանի նրանց, ովքեր Աստծո ողորմածությունը պետք է գտնեն եւ երանի նրանց, ովքեր այս ճնճղուկների տանջանքի ձայնը լսում են եւ նրանց հոգիներով տանջվում են: Ես հենց նրանց կողքին եմ»,- նշեց նա:
Ի դեպ, Վարդան Ղուկասյանի հանգանակած գումարը ամենաբարձրն է, այսպիսի գումար փոխանցել է նաեւ Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Նշենք, որ հեռուստամարաթոնը նվիրված է Հայաստանում 1988-ի երկրաշարժի 26-րդ տարելիցին ու աղետյալ գոտու վերածննդին: Հեռուստամարաթոնի նպատակը Գյումրիում «Թումո» կենտրոնի կառուցմանն օժանդակելն է:




























