Սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանի եւ «Օֆշորի գործով» կալանավորված Աշոտ Սուքիասյանի միջեւ առերեսումը պետք է տեղի ունենար այսօր՝ հոկտեմբերի 8-ին, սակայն Հայրապետյանը նորից հրաժարվել է ներկայանալ ոստիկանություն:
NEWS.am-ի հետ զրույցում սնանկացման եզրին գտնվող գործարարը նշեց, որ քննությունը դեռ չի ավարտվել, այդ պատճառով ինքն առերեսման չի գնում:
«Էնպես չի, որ հրաժարվում եմ, բայց չեմ գնալու այսօր: Պատճառների մասին այս պահին խոսել չեմ կարող»,- ասաց Փայլակ Հայրապետյանը:
Նշենք, որ ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Հայրապետյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 8-ին առերեսում է նշանակված եւ ինքն անպայման գնալու է: Ի դեպ, Աշոտ Սուքիասյանի եւ գործարարի միջեւ առերեսումը պետք է տեղի ունենար դեռ սեպտեմբերի սկզբին, սակայն Փայլակ Հայրապետյանն ամեն անգամ հրաժարվում էր:
Նշենք, որ դեռ 2009թ. էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ ՀՀ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն էր կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, որի ժամանակ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեին աշխատել։ Գործարար Փայլակ Հայրապետյանն առաջարկել էր գրավադրել իր 33 մլն դոլար արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլարը տվել Աշոտ Սուքիասյանին, որն էլ վերցնելով գումարը՝ փախել էր երկրից: 2014թ. փետրվարին Աշոտ Սուքիասյանին հայտնաբերել էին Վրաստանում: Հունիսի 19-ին՝ Վրաստանից Հայաստան արտահանձնվելուց անմիջապես հետո, Աշոտ Սուքիասյանը կալանավորվել էր:




























