Արգենտինացի բռնապետ Ռեյնալդո Բինյոնեն 23 տարվա ազատազրկման է դատապարտվել իշխանությունը գրաված տարիներին գործած հանցանքների համար, գրում է ՏԱՍՍ-ը:
Հարավամերիկյան հանրապետության դատարանը բռնապետին մեղավոր է ճանաչել արհմիության 32 ակտիվիստների առեւանգման, խոշտանգումների եւ մահապատժի մեջ:
86-ամյա Բինյոնեն արդեն կրում է պատիժը ռազմական ռեժիմի տարատեսակ հանցագործությունների համար: Նա երեք ցմահ ազատազրկման է դատապարտված:
1976թ. Արգենտինայում իշխանությունը գրավել էին զինվորականները: Ցրվել էր խորհրդարանը, պարեկային ժամ էր հայտարարվել, դադարեցվել էր քաղաքական կուսակցությունների գործունեությունը, սկսվել էին բռնություններ: 1983թ. գեներալ Ռեյնալդո Բինյոնեն իշխանությունը հանձնել էր նախագահ Ռաուլ Ալֆոնսինին:
Պաշտոնական տվյալներով՝ Արգենտինայում բռնապետության տարիներին անհետացել են 18 հազար քաղաքացիներ: Իրավապաշտպանական կազմակերպությունները նշում են, որ նրանց թիվը 30 հազարից անց է եղել:


























