Շիրակի մարզի Հովտաշեն համայնքում հոկտեմբերի 19-ին կկայանան գյուղապետի ընտրություններ, ՀՅԴ անդամ, համայնքը 14 տարի ղեկավարած Սեյրան Փիլոսյանը եւ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի եղբորորդին՝ Արսեն Եղոյանը կմրցեն համայնքի ղեկավարի պաշտոնի համար:
Սեյրան Փիլոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ արդեն 4 անգամ ընտրություն եղել է, ինքը միշտ 95 տոկոս ձայն է հավաքել: Նա հավատացնում է, որ այս անգամ եւս ինքը կհաղթի, որովհետեւ ծառայել է իր ժողովրդին, ապրում է գյուղացու դարդ ու ցավով:
Ինչ վերաբերում է մրցակից թեկնածուին, ապա գործող գյուղապետը նշեց, որ վերջինս չի էլ պատկերացնում՝ համայնքը ինչ է, համայնքապետը ինչ է, «եթե մարդը թեկնածություն է դնում, գոնե չունենա՞ ծրագրեր, չգա՞ գյուղի մեջ գյուղացիների հետ շփվի, նա նույնիսկ չգիտեր, որ այս տարի է ընտրությունը, Ռուսաստանում էր, իմացավ. եկավ, թեկնածությունը դրեց»:
Կօգնի Հեղինե Բիշարյանը եւ ՕԵԿ-ը նրան հաղթելու հարցում, թե ոչ, ՀՅԴ-ական գյուղապետը վստահեցնում է, որ իրենց մոտ արդար ընտրություններ են լինելու, փողով չեն կարողանա կաշառել իրենց համագյուղացիներին: Նա վստահ է, որ հոկտեմբերին 19-ին իրեն շնորհավորելու ենք ընտրվելու կապակցությամբ:
Նշենք, որ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի եղբորորդին՝ Արսեն Եղոյանը, իր թեկնածությունն է առաջադրել ՀՀ Շիրակի մարզի Հովտաշեն համայնքի ղեկավարի պաշտոնում: Նա մրցելու է գործող գյուղապետ դաշնակցական Սեյրան Փիլոսյանի հետ: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է Արսեն Եղոյանի հետ, եւ պարզել, որ արտագնա աշխատանքի նպատակով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Եղոյանը նոր է Հայաստան վերադարձել:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե ՕԵԿ-ական հորաքո՞ւյրն է ստիպել, որ առաջադրի իր թեկնածությունն ու ընտրվելուց հետո ՕԵԿ-ին անդամագրվի, նա պատասխանեց. «Ինքը ինձ առաջադրվելու մասով չի ստիպել: Հիմա՝ չէ: Բացի այս՝ չեմ ուզում խորանալ կուսակցությունների մեջ, հետագայում հնարավոր է»։ Իսկ ի՞նչ եք կարծում՝ բնակիչները Ձեզ կընտրե՞ն։ Մեր այս հարցին թեկնածուն պատասխանեց. «Ես գիտեի, թե անցյալ տարի էր ընտրությունը, բայց փաստորեն այս տարի է, դրա համար բնակիչների հետ Ռուսաստանից խոսել եմ։ Իրենց հետ հաշվարկել եմ ու նոր առաջադրվել։ Վստահ եմ, որ կանցնեմ»։




























