Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հոկտեմբերի 6-ին այցելել են ԼՂՀ-ում կալանավորված երկու ադրբեջանցիներին:  NEWS.am-ի թղթակցին ԿԽՄԿ երեւանյան պատվիրակությունից հայտնեցին, որ սա արդեն թվով հինգերորդ այցն է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ստեփանակերտի դատարանը վարույթ է ընդունել ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի երկու անդամների նկատմամբ հարուցված քրեական գործը, սակայն դատավարությունը սկսելու օրն առայժմ հայտնի չէ: Դատը կնախագահի Անատոլի Թադեւոսյանը:

ԼՂՀ ոստիկանության տվյալով՝ Ադրբեջանի քաղաքացի Շահբազ Գուլիեւը (ծնվ. 1968թ.), Դիլհամ Ասկերովը (ծնվ. 1960 թ.), ինչպես նաեւ սպանված երրորդ մասնակիցը՝ Հասան Հասանովը,  ունենալով զենք եւ զինամթերք, 2014թ. հունիսի 29-ին ապօրինաբար հատել էին ԼՂՀ սահմանը եւ ներխուժել հանրապետության Շահումյանի շրջան՝ հետախուզական գործունեության նպատակով: Տվյալ անձինք հատուկ առաջադրանքով տեղեկատվություն էին հավաքել եւ լրտեսական գործունեություն ծավալել: Ավելին, նրանք զենքի կիրառմամբ հուլիսի 4-ին առեւանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Մեխակի Ցականյանին, որի մարմինը հայտնաբերվել էր հուլիսի 15-ին՝ հրազենային վնասվածքներով:

Բացի այդ, Հասանովը հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհին ազգային ատելության հողի վրա հրազենի կիրառմամբ սպանել էր Երեւանի բնակիչ Սարգիս Սամվելի Աբրահամյանին (ծնվ. 1971թ.), իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Արշավիրի Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել: Տվյալ սուբյեկտը զինված դիմադրություն է ցուցաբերել  ձերբակալության ընթացքում եւ վնասազերծվել: Շահբազ Գուլիեւը եւ Դիլհամ Ասկերովը կալանավորվել էին:

Նշենք, որ այս գործով 2 մեղադրյալ կա: Դիլհամ Ասկերովին եւ Շահբազ Գուլիեւին  մեղադրանք են առաջադրվել ԼՂՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով` լրտեսությունը, 350-րդ հոդվածի 2-րդ մասով`առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելը, ԼՂՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 3-րդ մասով` կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք կրելը, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` մարդուն բացահայտ առեւանգելը, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ, անչափահասի նկատմամբ կատարված` կազմակերպված խմբի կողմից, Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ եւ 14-րդ կետերով` սպանությունը`զուգորդված մարդուն առեւանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելությանշարժառիթով եւ ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ եւ14-րդ կետերով` կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձ: