Անգլիական Black Lion փաբի սեփականատերերը հաստատության գովազդային պաստառի կողքին հայտարարություն են փակցրել, որտեղ խոստացել են անհնազանդ երեխաներին մեխել սեղաններին: Այս մասին գրում է Lenta.ru-ն:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Դժբախտ պատահարներից խուսափելու եւ վազելիս ձեր երեխային վնասվածքներից զերծ պահելու համար, ձեր փոքրիկին հանձնեք ռեստորանի աշխատակցին, ով ուրախ կլինի նրան սեղանին մեխելու համար»:

Հաստատության տերը նշել է, որ հայտարարությունն ընդամենը անմեղ կատակ է: «Մենք հնաոճ փաբ ենք, որտեղ կերակուր չեն պատրաստում: Հայտարարությունը հարգանքի տուրք է հին ու բարի բրիտանական հումորին, եւ մենք երբեք ոչ ոքին նեղացնելու մտադրություն չենք ունեցել»,- պարզաբանել է նա:

Facebook-ում փաբի էջի որոշ օգտատերեր հայտարարությունը «ծայրաստիճան զզվելի» են համարել եւ ոստիկանությանն առաջարկել են ձերբակալել փաբի տիրոջը: Շատերն էլ, հակառակը, առաջարկությունը զվարճալի են անվանել: