Ղրղզստանի կառավարությունը հավանության է արժանացրել Միասնական տնտեսական տարածքի «ճանապարհային քարտեզին»: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի կառավարության մամուլի ծառայությանը:
Երկրի վարչապետ Ջոոմարտ Օթորբաեւը նշել է, որ ղրղզական կողմն ավարտել է Մաքսային միության անդամակցության «ճանապարհային քարտեզի» իրականացման աշխատանքը: «Մենք հետեւողականորեն եւ ամբողջական ծավալով իրականացնում ենք ինտեգրման գործընթացի շրջանակում մեր պարտավորությունները, եւ հույս ունեմ, որ մինչեւ տարեվերջ մենք կկարողանանք Եվրասիական տնտեսական միությանը Ղրղզստանի անդամակցության մասին պայմանագիր ստորագրել»,- ընդգծել է Օթորբաեւը:
ՄՄ-ին Ղրղզստանի անդամակցության համար անհրաժեշտ օրինագծերն արդեն փոխանցվել են խորհրդարանին: Առաջիկա օրերին կառավարությունը ծրագրում է պատգամավորներին ներկայացնել նաեւ այն օրինագծերը, որոնք անհրաժեշտ են Միասնական տնտեսական տարածքին երկրի միանալու համար:
Աղբյուրը հիշեցնում է, որ Ղրղզստանի իշխանությունները Մաքսային միությանն անդամակցելու որոշում են ընդունել 2011 թվականի գարնանը եւ կես տարի անց հանրապետությունը պաշտոնապես այդ միավորմանն անդամակցելու հայտ է ներկայացրել: Ավելի ուշ Ղրղզստանի ղեկավարությունն ու Բելառուսից, Ղազախստանից եւ Ռուսաստանից նրանց գործընկերները պայմանավորվել են, որ հանրապետությունը հաջորդ տարվա հունվարի 1-ից միաժամանակ կանդամակցի Մաքսային Միությանն ու Միասնական տնտեսական տարածքին:



























