«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը մասնակցելու է հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կայանալիք եռյակի (ՀԱԿ, ԲՀԿ եւ «Ժառանգություն») հանրահավաքին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գուրգեն Արսենյանը:
Նա նշեց, որ հանրահավաքին մասնակցելու է որպես մասնակից, ոչ թե որպես ելույթ ունեցող: Ազատության հրապարակում կլինեն նաեւ ՄԱԿ անդամները: «Երեք քաղաքական ուժերն են իրականացնում, մենք՝ որպես քաղաքական միավոր, շատ ջերմ եւ բարեկամական զգացումներ ունենալով, հետեւում ենք այդ գործընթացին: Քանի որ եռյակի կամ նախկինում քառյակի կողմից իրականացվող գործընթաց է, բնականաբար քաղաքական էթիկա գոյություն ունի»,-նշեց նա:
Հարցին, թե իշխանափոխության պահանջի դեպքում կմիանան դրան եւ արդյոք չի վախենում ձեր բիզնեսների համար, նա այսպես պատասխանեց. «Այս իշխանությունները իրենց սպառել են, իրենց կատարած գործողություններով երկիրը հասցնելով մի իրավիճակի, երբ որ մարդիկ էվակուացիա են լինում իրենց երկրից, իրենք թող մտածեն իրենց մասին, ոչ թե ուրիշների բիզնեսների կամ ունեցվածքի մասին, իրենք են սպառել իրենց, մի հատ իրենք թող իրենց մասին մտածեն առաջին հերթին, թե ինչ են անում էս երկրի հետ, թե ինչ ճակատագիր է իրենց սպառնում էդ իրենց գործողությունների հետեւանքով»:




























