Հոկտեմբերի 8-ին գումարված արտահերթ նիստում Երեւանի ավագանին, հիմք ընդունելով Երեւանի քաղաքապետի առաջարկությունը, Երեւան քաղաքի 2796-րդ տարեդարձի առթիվ Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել վաստակաշատ մի խումբ քաղաքացիների: Հայկական երաժշտության բնագավառում ունեցած վաստակի եւ ներդրած նշանակալի ավանդի համար ավագանին քվեարկությամբ որոշել է Երեւան քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհել ականավոր ջութակահար, Կոմիտասի անվան լարային քառյակի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Էդուարդ Թադեւոսյանին:
Ավագանու հավանությանն է արժանացել նաեւ գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանին, շախմատիստ, միջազգային գրոսմայստեր Լեւոն Արոնյանին Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին Երեւանի քաղաքապետի առաջարկությունը: Ավագանին քվեարկությամբ հավանություն է տվել նաեւ բնապահպան, պրոֆեսոր Կարինե Դանիելյանին Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին Երեւանի քաղաքապետի առաջարկությանը:
Ավագանու հավանությանն են արժանացել նաեւ Երեւան քաղաքի պատվավոր քաղաքացիներ ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի ՀՀ «Մովսես Խորենացի» եւ «Մեսրոպ Մաշտոց» մեդալակիր Վարդուհի Վարդերեսյանին եւ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանին, ՀՀ վաստակավոր արտիստուհի, «Մովսես Խորենացի» մեդալակիր Էվելինա Շահիրյանին, Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Հովհաննես Այվազյանին, Գյումրիի պատվավոր քաղաքացի, խորհրդային իշխանության տարիներին 9 տարի ՀԿԿ Լենինականի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնում աշխատած Դոնարա Հարությունյանին սեփականության իրավունքով բնակարաններ անհատույց օտարելու (նվիրելու) մասին առաջարկությունները:
Ավագանու որոշմամբ բնակարաններ են նվիրաբերվել նաեւ հերոսուհի մայրեր Հասմիկ Մկրտչյանի եւ Գայանե Գրիգորյանի ընտանիքներին, ինչպես նաեւ պետական եւ ռազմական գործիչ, սպարապետ Գարեգին Նժդեհի թոռանը՝ Էսֆիրա Տրդատյանին: Ավագանու որոշմամբ սեփականության իրավունքով բնակարաններ են նվիրաբերվել 1-ին խմբի անժամկետ հաշմանդամ, ազատամարտիկ Վալեր Արզումանյանի եւ մարտական պահակակետում զոհված Կարեն Մովսեսյանի ընտանիքներին:




























