Պետք չէ Գագիկ Ծառուկյանի փոխարեն ասել՝ կմասնակցի նա հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակի հանրահավաքին, թե ոչ: Այս մասին հոկտեմբերի 8-ին հայտարարել է ԲՀԿ անդամ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը: «Ոչ մի բան չի բացառվում»,– նշել է նա:
Հայաստանի իշխանությունները, հավելել է նա, այսպես թե այնպես բնավ քաոսային չեն գործում եւ հասկանում են՝ ինչ է պետք անել մնալու համար:
«Իշխանությունը քմահաճ աղջիկ կամ կին չէ, գիտի՝ ինչ է ուզում: Եվ անում է «ինչ ուզում է», քանի դեռ հանրությունը հաշտվում է դրա հետ: Եթե հայ հանրությունը հաշտվում է դրա հետ, ուրեմն գործընթացը կերկարի»,- հայտարարել է Բոստանջյանը:
Ըստ նրա՝ լավ օրինակ կարող է ծառայել շրջանառության «թշվառ» հարկը: «Նրանք հետաձգեցին մինչեւ փետրվարի 1-ը, նշանակում է՝ թեեւ պարծենում են, թե բողոքներն իրենց չեն վախեցնում, բայց վտանգ զգալու դեպքում զիջում են»,- հայտարարել է նա:
Հիշեցնենք, հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կկայանա եռյակի հանրահավաքը: ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը երեկ հայտարարեց, որ հանրահավաքին ներկա կլինեն քաղաքական երեք ուժերի առաջնորդները, սակայն հավելեց, որ հնարավոր է՝ ոչ առաջին օրը. Ըստ նրա՝ հանրահավաքները մեկ օրով չեն սահմանափակվելու:




























