Ծագումով հայ կինը, որի մեքենայի վրա հարձակվել էին կողոպտելու նպատակով, հայց է ներկայացրել կալիֆոռնիական Բըրբենք եւ Լոս Անջելես քաղաքների դեմ՝ պնդելով, որ ոստիկանները դիտում էին կատարվածը եւ չէին միջամտում:
«Burbank Leader» -ը գրում է, որ Գլենդելի 49-ամյա բնակչուհի Թագուհի Էրոդօղլյանը հայց է ներկայացրել Լոս Անջելեսի շրջանի առաջին ատյանի Գլխավոր դատարան: Նա պահանջում է տուգանք վճարել, ինչպես նաեւ փոխհատուցել փաստաբանների հոնորարները եւ դատական ծախսերը:
2013 թ. սեպտեմբերի 25-ին Էրոդօղլյանը իր մեքենայով բանկ էր գնացել` ավանդ ներդնելու: Երբ նա կանգ էր առել մեկ այլ մեքենայի հետեւում, մի տղամարդ մոտեցել էր իր մեքենային եւ կոտրել ապակին: Այնուհետեւ նա պատուհանից ձգվել էր դեպի կնոջ պայուսակը, որում 27 հազար դոլար կար: Երբ Էրոդօղլյանը բռնել էր պայուսակը, գողը սկսել էր նրան ծեծել: Վերջապես, կինը գազի ոտնակը սեղմել եւ մեծ արագությամբ սլացել էր` հազիվ խուսանավելով ծառին բախվելուց:
Հայցում պնդվում է, որ ոստիկանության աշխատակիցները հետեւել են կատարվածին, սակայն ոչինչ չեն արել կնոջն օգնելու համար: Թեեւ դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը եւ կասկածյալն ավելի ուշ կալանավորվել է, դա արվել է միայն հարձակումից հետո:




























