Տնային կալանքի տակ գտնվող՝ ռուսաստաբնակ հայ գործարար Լեւոն Հայրապետյանի խափանման միջոց փոխելը ոչ մի կապ չունի Շարլ Ազնավուրի հետ: NEWS.am-ի հետ զրույցում գործարարի ընկեր Արթուր Սաֆարյանը վստահեցրեց, որ ոչ մի հայ քաղաքական գործիչ չի օգնել՝ փոխելու Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը:
«Ամիսներ առաջ ինքս եմ Ազնավուրին առաջարկել, որ որպես բողոքի նշան՝ հետաձգի Մոսկվայում նախատեսված համերգը, իսկ ես պատրաստ էի դրա դիմաց ֆինանսական վնասները փոխհատուցել, բայց Ազնավուրը ոչ մի կերպ չարձագանքեց առաջարկիս: Ավելին, «Սոբեսեդնիկ» թերթին տված հարցազրույցում Ազնավուրը նույնիսկ չցանկացավ տալ Լեւոն Հայրապետյանի անունը, կարծես մի սովորական մարդու մասին էր խոսում: Մինչդեռ Լեւոն Հայրապետյանն ավելի շատ բան է արել Հայաստանի համար, քան Ազնավուրը: Ես համոզվում եմ, որ Լեւոն Հայրապետյանի ձերբակալությունից օրեր անց արված հայտարարությունը պոպուլիստական էր, որովհետեւ հոկտեմբերի 3-ի հարցազրույցն այլ բան ապացուցեց»,- ասաց Արթուր Սաֆարյանը:
Լեւոն Հայրապետյանի ընկերոջ պնդմամբ՝ խափանման միջոցը փոխվել է, որովհետեւ գործով կալանավորված Եվտուշենկովի համար խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը.«Պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Լեւոն Հայրապետյանին ոչ ոք չի օգնել հայ քաղաքական գործիչներից»:
Նշենք, որ այն հարցին, թե խնդրել են արդյոք իրեն չեղյալ համարել Մոսկվայի համերգը ի նշան Լեւոն Հայրապետյանի պաշտպանության, Ազնավուրը մասնավորապես ասել էր. «Այդ մասին խոսք լինել չի կարող: Ես այստեղ եկել եմ հանդես գալ իմ հանդիսատեսի համար, ով ինձ այդքան երկար է սպասել: Նրանց համար շքեղ ծրագիր եմ պատրաստել: Երաժշտությունը չպետք է կապ ունենա քաղաքականության հետ, դրանք բոլորովին տարբեր բնագավառներ են»:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով: Սեպտեմբերի 12-ին Լեւոն Հայրապետյանին եւս մեկ մեղադրանք է առաջադրվել մեքենայության հոդվածով: Հոկտեմբերի 3-ին Մոսկվայի Բասմանի դատարանը փոխել է «Բաշնեֆտի» գործի ֆիգուրանտ, հայտնի հայ գործարար Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը՝ կալանավորումը փոխարինելով տնային կալանքով։




























