ԵԽԽՎ-ում ոչ ոք մեր պատվիրակությանը չի հանել, նման հիմարություն ով կարող է մտածել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: «Իհարկե պատվիրակությանը չեն հանել, նման հիմարություն ո՞վ կարող է մտածել, ո՞վ կարող է ընդհանրապես պատվիրակությանը հանել, որ գրում եք, մի քիչ մտածելով գրեք, բայց որ դուք էլ գրում եք, մի քիչ տրամաբանել կարող եք չէ՞, ո՞վ կարող է պատվիրակությանը հանել, մի քիչ մտածեք, նոր գրեք, հասկացանք, լավ, մեր դեմ եք, ուզում եք մեզ սեւացնել»,-ասաց նա:

Հերմինե Նաղդալյանը մանրամասներ չհաղորդեց Ստրասբուրգում տեղի ունեցած միջադեպից՝ պատճառաբանելով, որ այժմ Վրաստանում է՝ հանդիպման, տեղը հարմար չէ, վաղը կլինի Երեւանում եւ մանրամասն կներկայացնի, թե ինչ է եղել ԵԽԽՎ-ում:  «Վրաստանում եմ, տեղս հարմար չէ, վաղը կլինեմ քաղաքում, վաղը զանգեք, հանդիպման եմ»,- ասաց նա:

Նշենք, որ «Ժողովուրդ» թերթը գրել էր, թե ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ոչ միայն չկարողացավ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում կանխել, այլեւ գոնե՝ անվանափոխել «Բռնությունների ահագնացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերնագրով զեկույց-բանաձեւի ընդունումը:

«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ Նաղդալյանի ոչ խոհեմ պահվածքի պատճառով նիստի ժամանակ անջատել են նրա խոսափողը, դադարեցրել հայերեն թարգմանությունն ու հայկական պատվիարակությանը դուրս են հանել նիստերի դահլիճից: Բայց այս խայտառակությունից հետո Հ. Նաղդալյանը երեկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին էր ուղեկցում Վրաստանում: Սա նշանակում է, որ միջազգային փաստաթղթերում առաջին անգամ Արցախը որպես «օկուպացված տարածք» ներկայացնելը ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի համար սովորական բան է:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ի «Լեռնային Ղարաբաղում եւ գրավյալ այլ տարածքներում բռնության սրացումը» թեմայով զեկույցում ԼՂՀ-ն նշվել է որպես գրավյալ տարածք:Հայկական կողմը հայտարարել է, որ այդ զեկույցի հարցում չի համագործակցելու զեկուցողի հետ, ինչը ըստ Լեւոն Զուրայանի կարող է լուրջ հետեւանքների հանգեցնել եւ նույնիսկ նրան, որ Հայաստանը կարող է դուրս գալ Եվրախորհրդից: