Մոսկվայի քաղաքային դատարանը դիտարկումից հանել է հայ հայտնի գործարար Լեւոն Հայրապետյանի բողոքը, որով վիճարկվում էր «Բաշնեֆտի» գործով նրա կալանքի երկարաձգումը, հայտնում rapsinews.ru-ն՝ վկայակոչելով դատարանի մամուլի ծառայությունը:

Փաստաբանները հետ են կանչել բողոքը, քանի որ ավելի վաղ Բասմանի դատարանը գործարարին տնային կալանքի ենթարկելու որոշում էր ընդունել:

Խափանման նոր միջոցի շրջանակում Հայրապետյանին արգելվում է լքել բնակարանն առանց քննիչի թույլտվության, օգտվել համացանցից եւ հեռախոսից, շփվել որեւէ մեկի հետ՝ բացի հարազատներից, քննիչից, փաստաբանից եւ բանտային ծառայության աշխատակիցներից:

Նշենք, որ Մոսկվայի Բասմանի դատարանը հոկտեմբերի 3-ին որոշել էր «Բաշնեֆտի» գործի ֆիգուրանտ  Լեւոն Հայրապետյանին խափանման միջոց կալանքը փոխարինել տնային կալանքով՝ բավարարելով քննիչի միջնորդությունը: 

Հիշեցնենք, հուլիսի 24-ին ՌՔԿ-ն մեղադրանքներ էր ներկայացրել հայ գործարար Լեւոն Հայրապետյանին` Ռուսաստանի ՔՕ-ի  160 (յուրացում) եւ 174 (ապօրինի ձեռք բերված գումարային միջոցների լվացում) հոդվածներով: