Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է հերթական զեկույցը Թուրքիայի առաջընթացի վերաբերյալ դեպի ԵՄ ճանապարհին 2014թ.-ի ընթացքում:
Զեկույցում մի շարք հարցերից բացի անդրադարձել են նաեւ հարեւանների հետ Թուրքիայի հարաբերությունների թեման: Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին եւ Կենտրոնական Ասիային, ապա Թուրքիան պահպանել է Թյուրքական խորհրդին, ռազմավարական համագործակցության խորհուրդներին ու ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումներին(Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան, Թուրքիա-Ադրբեջան-Իրան) մասնակցելու քաղաքականությունը:
Զեկույցում ընդգծվում է, որ ապրիլին վարչապետ Էրդողանն առաջին անգամ ցավակցություն հայտնեց 1915թ.-ի իրադարձությունների ժառանգներին, եւ հայտարարությունը թարգմանվել էր 9 լեզվով: «Արձանագրությունները, որոնք ստորագրվեցին 2009թ.-ին, որպեսզի կարգավորվեն Հայաստանի հետ հարաբերությունները, մինչ այժմ չեն վավերացվել»,- նշվում է զեկույցում:
Նշվում է նաեւ, որ ապրիլի 24-ին Ստամբուլում եւ 5 այլ նահանգում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված խաղաղ միջոցառումներ են անցկացվել:
Զեկույցի համաձայն՝ քրիստոնյաները, հայերը, հրեաները եւ նվազ չափով ոչ մահմեդական այլ համայնքներն ու քրդերը որոշ լրատվամիջոցների ատելության ճարտախոսության թիրախն են դարձել: Ալեւիները նույնպես ենթարկվել են լեզվական խտրականության՝ ներառյալ եւ կառավարության անդամների կողմից:
Փաստաթղթում խոսվում է բողոքական եկեղեցու զեկույցի մասին, որտեղ նշված է, որ ատելության հողի վրա հենված հանցագործությունները, որոնք ուղղված են քրիստոնյաների դեմ, շարունակվել են 2013թ.-ին, իսկ ֆիզիկական հարձակումներ գործել են բողոքական եւ մյուս եկեղեցիների նկատմամբ: Վնաս է հասցվել նաեւ Ստամբուլում հունական ուղղափառ եկեղեցուն: Փոքրամասնությունների դեմ հարձակումների լեզուն առկա է մի շարք դասագրքերում, որոնք պարտադիր են դպրոցական ծրագրի համար:



























