«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երբ ոչ իշխանական եռյակի ներկայացուցիչները երկար ժամանակ հստակ չէին պատասխանում հարցին, թե արդյոք երեք կուսակցությունների լիդերները մասնակցելո՞ւ են հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, դա ինչ-որ տեղ կարող էր հասկանալի լինել, որովհետեւ ցանկացած քաղաքական ուժ հանրահավաք հրավիրելիս փորձում է ինտրիգներ ձեւավորել դրա շուրջ: Բայց դժվար թե որեւէ մեկը լրջորեն մտածեր,  թե Եռյակի լիդերները իրոք կարող են չմասնակցել հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, որովհետեւ դա կհակասեր հենց կազմակերպիչների կողմից հանրությանն առաջարկվող տրամաբանությանը: Նրանք պնդում էին եւ շարունակում են պնդել, թե հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու կարեւորագույն, շրջադարձային իրադարձություն: Ինչպե՞ս կարող են, ուրեմն, լիդերները բաց թողնել կարեւորագույն իրադարձությունը: Եթե լիդեները կարող են եւ չմասնակցել, գուցե իրադարձությունն այնքա՞ն էլ կարեւոր չէ, եթե կարեւոր է, ապա ինչո՞ւ պիտի չմասնակցեն կամ ինչպե՞ս կարող են չմասնակցել: Կամ, Եռյակը պնդում է, որ հանրահավաքի բազմամարդությունն է լինելու հետագա իրադարձությունների ընթացքը որոշող վճռական գործոնը: Բազմաթիվ մարդիկ հենց լիդերներին տեսնելու են լսելու համար են գալիս հրապարակ: Եթե լիդերները չեն մասնակցելու հանրահավաքին, ստացվում է` նրանք գիտակցաբար նվազեցնո՞ւմ են հանրահավաքի պոտենցիալ մասնակիցների թիվը: Կամ ուրիշներին կոչ են անում  հանրահավաքի գալ, իսկ իրենք չե՞ն գալիս, ինչպե՞ս կարող է նման բան պատահել:
...Ստացվում է, որ Արամ Մանուկյանն էլի՞ սխալվել է, ու հոկտեմբերի 10-ին իշխանություններին «դավայ, դասվիդանյա» չե՞նք ասելու, թե՞ «ռաբատյագ» ժողովուրդն իշխանությանը քշելու է, իսկ լիդերները վերջում գալու տեր են կանգնելու ժողովրդի հաղթանակին։ Բայց ժողովրդի հույսը լիդերների վրա է, նրանք ի՞նչ է, տանը նստա՞ծ են սպասելու իշխանափոխության լուրին։ Հիմա ակտիվիստները փողցներում մարդկանց համոզում են գնալ հանրահավաքի, իսկ գուցե նախ իրենց ղեկավարների՞ն փորձեն համոզել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում