Մինչ Տարոն Մարգարյանը թմբկահարում է առաջիկա տոնի մասին, Օղակաձեւ այգում վերսկսվել է զվարճանքի կենտրոնի ապօրինի շինարարությունը: Այս մասին ահազանգում է «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը:

Նախաձեռնության տարածած հայտարարությունում ասվում է.

«Ամիսներ առաջ Օղակաձեւ զբոսայգում փլուզվեց շինարարների մեջքին ապօրինի կառուցվող զվարճանքների կենտրոնը։ Մինչ Տարոն Մարգարյանը թմբկահարում է առաջիկա տոնի մասին, Օղակաձեւ այգում վերսկսվել է ապօրինի կառույցի շինարարությունը։

Սա նորից խոսում է այն մասին, որ ինչ- որ մեկը թքած ունի թե Երեւանի եւ թե Օղակաձեւ զբոսայգին մաքրելու բոլոր խոստումների վրա։ Փաստորեն քաղաքապետարանին այդպես էլ չհաջողվեց դադարեցնել քաղաքի կենտրոնի գլխավոր թոքերի բետոնապատումը։ Եվս մեկ նոր շենք կառուցվում է Օղակաձեւի ԵՊՀ-ին հարող հատվածում։ Ամբողջ Օղակաձեւ այգին գտնվում է աղետալի վիճակում եւ վերից վար պատված է տգեղ բետոնե կառույցներով։

Սա նորից վկայում է, որ քաղաքապետարանը ի վիճակի չէ սոցիալական եւ էկոլոգիական որոշումներ ընդունել՝ ապամոնտաժելու Օղակաձեւ զբոսայգու բոլոր բետոնե կառույցները եւ բարելավելու քաղաքի բնակիչների կյանքի որակը։ Մասնագետների տարբեր գնահատականներով` Երեւանի կենտրոնում օդի որակը տագնապալի է։

Քաղաքական եւ քրեական պատասխանատվությունը երեւանցիների մոտ շնչահեղձության պատճառով հիվանդությունների առաջացման համար լիովին ընկնում է քաղաքային վարչակազմի եւ քաղաքապետի վրա»: