Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում սեպտեմբերի 30-ին «Լիր արքա» ներկայացման ժամանակ պարանի պոկվելու հետեւանքով ընկած դերասանի առողջական վիճակը լավ է:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Վանաձորի» բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Աբովյանը

Նա նշեց, որ դերասանին այսօր կրկնակի հետազոտության կենթարկեն եւ այնուհետեւ կորոշվի, թե նա երբ դուրս կգրվի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում սեպտեմբերի 30-ին «Լիր արքա» ներկայացման ժամանակ պարանը պոկվել է եւ դերասանը ընկել է, ինչի հետեւանքով նա այժմ գտնվում է հիվանդանոցում: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էր թատրոնի գլխավոր հաշվապահը՝ Անաիդա Այվազյանը:

Դերասան Վազգեն Մազլուխանյանն այժմ գտնվում է «Վանաձորի» հիվանդանոցում, նրա թեւը ջարդվել է, այժմ գտնվում է գիպսի մեջ, իսկ թատրոնի կոլեկտիվը պարբերաբար այցելում է նրան տեսության: «Միջադեպը եղել է ներկայացման վերջում, դերասանը պարանից կախված է եղել, պարանը կտրվել է, պատճառը պարանի որակն է, խնդիրն այն է, որ վաճառքի պարանները անորակ են»,-պարզաբանել էր գլխավոր հաշվապահը: