Երեւանում, հոկտեմբերի 10-ին, ՀՀ վճռաբեկ դատարանը կներկայացնի երկու հրապարակում, որոնք պատրաստվել են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ: Վերջիններս ուղղված են խթանելու Հայաստանում դատական բարեփոխումները:
Կներկայացվեն 2013թ ընթացքում ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի 54 որոշումներից կազմված 5-րդ հատորը եւ մի խումբ փորձագետների կողմից պատրաստված գիտագործնական մեկնաբանությունների երկրորդ հատորը, որոնք միտված են ծառայելու որպես օգտակար աղբյուր իրավաբանների եւ դատավորների համար: Հրապարակումների նպատակն է բարձրացնել դատարանի որոշումների մասին հանրության իրազեկությունը:
Վճռաբեկ դատարանը գործում է ապահովելու համար օրենքի միատեսակ կիրառությունը եւ դատարանների կողմից իրավական ակտերի հետեւողական մեկնաբանությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, դատական համակարգի եւ գիտակրթական ոլորտի այլ ներկայացուցիչներ կմասնակցեն միջոցառմանը:





























