«Ժառանգությունը» երբեւիցե հակառուսական հայտարարություններ չի արել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ արձագանքելով մեր հարցին, թե Ծառուկյանը հայտարարել է, որ իրենից եւ իր քաղաքական համախոհներից երբեք չեք լսել եւ չեք լսելու հակառուսական հայտարարություններ:
«Ճիշտ է ասել, մենք երբեւէ հակառուսական հայտարարություններ չենք արել: Եթե մենք Հայաստանի շահն ենք առաջ տանում, ասում ենք՝ եվրոպական արժեհամակարգ պետք է լինի, չի նշանակում որ մենք հակառուս են: Երբեւէ լսել եք, որ հայտարարենք, թե ռուս ժողովուրդը այսպես է, այնպես է, չի եղել նման բան: Հակառուսականությունը եւ հայամետությունը պետք չէ իրար խառնել, մենք հարգում են բոլոր ազգերին եւ երկրներին, բայց մեզ համար առաջնային է մեր շահը»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ռուսական «Նեզավիսիմայա Գազետա» թերթին տված հարցազրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նշել էր. «Համոզված եմ, որ դուք ինձնից եւ իմ քաղաքական համախոհներից երբեք չեք լսել եւ չեք լսելու հակառուսական հայտարարություններ»:





























