Շատ կարեւոր է, որ Փարիզը նախաձեռնի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը, քանի որ առանց այդ հանդիպումների Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործում առաջխաղացումն անհնար է: Այս մասին հոկտեմբերի 9-ին Առաջին աշխարհամարտին նվիրված միջոցառման ժամանակ ասել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը:

Դեսպանի համոզմամբ՝ այսօր երկրի արտաքին քաղաքականությունն ավելի պատասխանատու է: «Եվ թեպետ ղարաբաղյան հարցում երկկողմանի թշնամական հայտարարություններ են հաճախ հնչում, օգուտ կա, քանի որ 20 տարի հաջողվել է պահպանել ստեղծված իրավիճակը», - նշել է Ռայներ Մորելը:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների քննարկումներն ու հանդիպումները, ըստ դեսպանի, բարդ է կազմակերպելը: Այս տեսանկյունից Ռայներ Մորելը ողջունել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ երկու նախագահների հանդիպումը Փարիզում կազմակերպելու նախաձեռնությունը:  «Շատ կարեւոր է, որ հանդիպեն որոշումներ կայացնող անձինք», - ընդգծել է  դիվանագետը:

Հիշեցնենք, ընթացիկ տարվա հոկտեմբերի 27-ին Փարիզում նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը: