Ֆրանսիան ձգտում է ղարաբաղյան հակամարտությունում երկարաժամկետ խաղաղության հասնել: Այս մասին հոկտեմբերի 9-ին Առաջին աշխարհամարտին նվիրված միջոցառման ժամանակ ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն:
«Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում անցկացնել Փարիզում, մի կողմից՝ որպեսզի պատկերացում կազմվի այն բոլոր գործիքների մասին, որոնք կարող են վստահություն ծնել, անել այնպես, որպեսզի զինծառայողներ եւ քաղաքացիներ չզոհվեն: Մյուս կողմից, որպեսզի նոր խթան հաղորդենք բանակցություններին՝ հիմնվելով երեք հիմնական սկզբունքների վրա՝ տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշման իրավունք եւ ուժի չկիրառում», - նշել է Անրի Ռենոն: Նա հավելեց, որ Փարիզի հանդիպմանը ներկա կլինեն նաեւ ԵԱՀԿ ՄԽ երկու մյուս համանախագահները:
«Կողմերն իրենք պետք է որոշեն՝ ինչպիսին պետք է լինի համաձայնագիրը: Միջնորդներն օգնում են մեզ, բայց ոչ մեկ չի կարող նրանց փոխարեն որոշում կայացնել: Դրանում է միջնորդության դերը», - հավելել է դիվանագետը:
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 27-ին Փարիզում:




























