Գերմանիան Իսրայելի հետ գտել են ապագայի ճանապարհը, բայց ոչ ոք իրավունք չունի ճնշում գործադրել որեւէ այլ պետության վրա: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը՝ անդրադառնալով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու խնդրին:
Նա հիշեցրել է, որ Երկրորդ աշխարհամարտից հետո Գերմանիան իրականում մեծ մեղք է վերցրել իր վրա: «Բայց մենք փորձեցինք փոխհատուցել դա Իսրայելի ժողովրդի նկատմամբ, եւ շատ ուրախ ենք, որ իսրայելցի ժողովուրդը մեզ ընդառաջ գնաց: Բոլոր հրեաների համար շատ դժվար էր, բայց նրանք արեցին այդ քայլը, նրանք ներեցին մեզ»,-նշել է Մորելը:
Նրա խոսքով՝ այսօր Գերմանիային եւ Իսրայելին շատ բան է միավորում քաղաքականության մեջ: «Բայց, կարծում եմ, յուրաքանչյուր պետություն պետք է գտնի իր ճանապարհը: Այսօր Թուրքիան չի դրսեւորում այդ պատրաստակամությունը Հայաստանի նկատմամբ: Հնարավոր է, նրան ժամանակ է պետք՝ հասկանալու եւ ընդունելու իր անցյալը: Մենք Իսրայելի հետ գտել ենք ապագայի ճանապարհը, բայց կարծում եմ, որ մենք իրավունք չունենք ճնշում գործադրել որեւէ երկրի նկատմամբ»,-ամփոփել է Գերմանիայի դեսպանը:




























