«Օֆշորի գործով» կալանավորված Աշոտ Սուքիասյանը սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանի հետ առերեսման ժամանակ հաստատել է, որ իրեն հովանավորել են նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
«Երբ Աշոտ Սուքիասյանին հարցրի Տիգրան Սարգսյանի եւ Կճոյանի ստորագրությունների մասին, ասաց, որ ինքը կեղծել է դրանք, որ Սարգսյանն ու Կճոյանն իրեն կռիշ կանգնեն, հովանավորեն: Իսկ թե ումից էիր վախենում, որ նրանց հովանավորության կարիքն ունեիր, չպատասխանեց: Ես էլ ասացի, որ դու վարչապետին հանցագործության մեջ ես ներքաշել, քանի որ հանցագործին հովանավորողը կրկնակի հանցագործ է, ոչ մի բան էլ չասաց»,- NEWS.am-ի հետ զրույցում առերեսման մանրամասները պատմեց Փայլակ Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ առերեսումը տեւել է մոտ 5 ժամ, ինքը մեծ մասամբ հարցրել է իր կորցրած գումարների, Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի՝ այս գործին առնչության մասին:
«Ես հարցրի նաեւ, թե ինչ հիմքով է «Ամերիաբանկը» բիզնես ծրագիր գրել ու ինչպես են 7 րոպեում իրենց նման գումարի վարկ տրամադրել: Աշոտ Սուքիասյանն էլ պատասխանեց, որ բանկերից մեկի մասնաճյուղի տնօրեն Գագիկ Սահակյանն էլ ծրագիրը գրել 6 հազար դոլարի դիմաց, ծրագրում նշված է, որ Աշոտ Սուքիասյանի հանքում կա տասը հազար տոննա ոսկի, 9 միլիոն 600.000 կարատ ադամանդ: Եթե այդ տվյալները ճիշտ լինեին, ապա Սուքիասյանին կարող էին հանգիստ 500 միլիոն դոլար վարկ տալ: Ինքներդ էլ հասկանում եք, որ կեղծ թղթեր են եղել, բայց յոթ րոպեում վարկ են տվել: Սուքիասյանն ինձ ասաց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն է զանգել բանկ, որ վարկը տան: Այդ ժամանակ իմ փաստաթղթերն են վերցրել, որ վարկը ձեւակերպեն»,- ավելացրեց սնանկացման եզրին կանգնած գործարարը:
Նրա խոսքով՝ դժվար թե նորից առերեսում լինի:
Նշենք, որ դեռ 2009թ. էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ ՀՀ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն էր կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, որի ժամանակ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեին աշխատել։ Գործարար Փայլակ Հայրապետյանն առաջարկել էր գրավադրել իր 33 մլն դոլար արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլարը տվել Աշոտ Սուքիասյանին, որն էլ վերցնելով գումարը՝ փախել էր երկրից: 2014թ. փետրվարին Աշոտ Սուքիասյանին հայտնաբերել էին Վրաստանում: Հունիսի 19-ին՝ Վրաստանից Հայաստան արտահանձնվելուց անմիջապես հետո, Աշոտ Սուքիասյանը կալանավորվել էր:





























