Քաղաքապետարանի ուշադրությունը մայրաքաղաքում հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներին հրավիրելու եւ դրանք լուծելուն ավելի շատ գումար հատկացնելու նպատակով` «Երեւանը նաեւ իմ քաղաքն է» խորագրով ստորագրահավաքի արդյունքներն այսօր` հոկտեմբերի 9-ին, հանձնվեցին Երեւանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանին:
«Երեւանի քաղաքապետարանը ձեռնամուխ է լինելու յուրաքանչյուր քայլի, որպեսզի լուծի հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները: Հասարակական կազմակերպության նման գործելաոճը եւ մեր քաղաքացիների արագ ստորագրահավաքը մեկ բանի մասին է վկայում, որ կա վստահություն: Եթե չկա վստահություն, նման համագործակցություն չես ակնկալում, անիմաստ քայլեր չես անում: Համոզված եղեք քաղաքապետարանը յուրաքանչյուրի վստահություն արդարացնելու է», - ստորագրահավաքի նախաձեռնողների հետ հանդիպմանն ասաց քաղաքապետի օգնականը:
Ակցիայի նախաձեռնող Զարուհի Բաթոյանի խոսքով` ստորագրահավաքի կարեւոր նպատակներից մեկը` քաղաքացիների իրազեկումը, իրականացել է:
«2700 քաղաքացի իրազեկվել է խնդրին եւ հասկացել է, թե ինչ համեմատության մեջ է քաղաքապետարանը գումարներ տրամադրում քաղաքը հաշմանդամներին մատչելի դարձնելու խնդրին, քանի որ ոչ ֆորմալ զրույցներում խոսում են այն մասին, որ քաղաքացիններին դա այնքան էլ չի հուզում: Սա ապացուցեց հակառակը, որ քաղաքացիները սրտացավ են, նրանցից ոմանք շատ ավելի իրազեկված են»,- ասաց Զարուհի Բաթոյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ից Disabilityinfo.am-ի՝ «Էրեբունի-Երեւան 2796»-ին ընդառաջ մեկնարկած քայլերթ-ակցիայի նպատակն է կոչ անել Երեւանի քաղաքապետարանին ավելացնելու հաշմանդամների համար մատչելիության ապահովմանն ուղղված տարեկան գումարները, ինչպես նաեւ 2796 քաղաքացու ստորագրությամբ ցույց տալու, որ նրանք եւս միանում են նախաձեռնությանը:




























