Հայաստանը 2015թ. հունվարի 1-ից կմիանա Եվրասիական տնտեսական միությանը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ համապատասխան պայմանագիրը հոկտեմբերի 10-ին կստորագրվի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:

Ուշակովը նաեւ նշել է, որ հանդիպման մասնակիցները կվերլուծեն նաեւ Մաքսային միությանը Ղրղըզստանի  միացման ճանապարհային քարտեզի իրականացման ընթացքը: «Առաջնորդները կքննարկեն Միության եւ արտերկրյա գործընկերների հետ համագործակցության հարցեր: Դրան մեծ ուշադրություն կդարձնեն, քանի որ մի շարք երկրներ ոչ պաշտոնապես գործնական հետաքրքրություն  են դրսեւորում Միության հետ համագործակցության հանդեպ», - նշել է Ուշակովը եւ հստակեցրել, որ առաջանցիկ փուլում են գտնվում Վիետնամի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցությունները, Իսրայելի, Հնդկաստանի եւ Եգիպտոսի հետ համանման համաձայնագրերի պատրաստման համար ձեւավորվել են փորձագիտական խմբեր»:

Հոկտեմբերի 10-ին Մինսկի հանդիպմանը կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի նախագահները: Այն կլինի այս տարվա չորրորդ հանդիպումը: Կրեմլի ներկայացուցիչը կանխատեսում է, որ երկրների ղեկավարները դեկտեմբերին Մոսկվայում անցկացվելիք եւս մեկ հանդիպման մասին կպայմանավորվեն: Նա հստակեցրել է, որ ԵՏՄ-ի գործունեությունը սկսելուց առաջ հարկավոր է եւս 50-ի մոտ նորմատիվ ակտեր ընդունել: