Հայաստանի ազգային պատկերասրահում, հոկտեմբերի 10-ին, կանցկացվի «Երեւան-2025» միջազգային կոնֆերանսը:

Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանը «Էրեբունի–Երեւան» տոնակատարությունների շրջանակում այս տարի առաջին անգամ կազմակերպվում է միջազգային կոնֆերանս: Կոնֆերանսն անցկացվում է «հին քաղաք նոր հեռանկարներ» խորագրի ներքո, որի ընթացքում կներկայացվեն 2796-ամյա մայրաքաղաքի զարգացման նախագծերը, կքննարկվեն քաղաքային տնտեսության մի շարք ոլորտների բարեփոխումների ուղիները:

Կոնֆերանսին մասնակցում են պետական եւ հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, պատվիրակներ արտերկրից, քննարկվող ոլորտների փորձագետներ, շահագրգիռ կողմեր:

Կոնֆերանսին  բացման խոսքով հանդես կգա Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Մասնակիցներին կողջունի նաեւ ՎԶԵԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը:

Կոնֆերանսը ներառում է 4 թեմատիկ ուղղություն՝ մշակութային-տուրիստական ռեսուրսներ, քաղաքաշինական ծրագրեր, քաղաքային միջավայր եւ տրանսպորտային համակարգ:

Քաղաքային միջավայրի զարգացման հեռանկարների մասով կոնֆերանսում կներկայացվեն կոմունալ ենթակառուցվածքների՝ աղբահանության, ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի բարեփոխման, կանաչ տարածքների վերականգնման ու կայուն զարգացման ծրագրային հեռանկարները, ինչպես նաեւ առանձնահատուկ կարիքներ ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ստեղծման, քաղաքային լուսավորության համակարգի արդիականացման հնարավորությունները։

Քաղաքաշինական ծրագրերի մասով քաղաքաշինության զարգացման հիմնական ուղղություններից բացի կներկայացվեն նաեւ Երեւանի ճանապարհատրանսպորտային ցանցի ընդլայնման հնարավորությունները։ Տրանսպորտային համակարգը կոնֆերանսում ներառված է առանձին՝ «Հասարակական տրանսպորտային համակարգի բարեփոխումներ» եւ «Երեւանի մետրոպոլիտենի ապագան» զեկույցներով։

Բոլոր ուղղություններով զեկույցները կներկայացնեն մինչեւ 2025 թ. Երեւանի զարգացման հեռանկարային մոտեցումները, հայեցակարգերը, որից հետո աշխատանքային 4 խմբերում կկազմակերպվեն մասնագիտական քննարկումներ: