Հաշվի առնելով, որ թե Կրեմլի, թե Բաղրամյան 26-ի պաշտոնական հաղորդագրություններում չկա, որ Հայաստանը ստորագրելու է ԵՏՄ-ի անդամակցության պայմանագիրը եւ նույնիսկ անդրադարձ չկա այդ մասին, պետք է արձանագրել, որ այս պահի դրությամբ հստակություն չկա՝ կստորագրվի պայմանագիրը, թե ոչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Ռուբեն Մեհրաբյանը՝ հավելելով, որ ամեն ինչ կարող է որոշվել վերջին պահին:
«Կստորագրվի, թե չի ստորագրվի, դա, ցավոք, շատ քիչ է կախված Հայաստանից, քանի որ Հայաստանը տվյալ պրոցեսում սեպտեմբերի 3-ից հետո քաղաքական սուբյեկտից վերածվել է քաղաքական օբյեկտի, Հայաստանի ճակատագիրը որոշում են Հայաստանից դուրս՝ Եվրասիական կոչված բռնապետական եռյակը՝ հանձնիս Պուտինի, Լուկաշենկոյի եւ Նազարբաեւի, եթե նրանց մեջ կոնսենսուս արձանագրվի, ապա Հայաստանին տեղյակ կպահեն, որ ստորագրում է, եթե ոչ, ապա՝ ոչ: Իսկ թե ինչպես կլինի, ցույց կտա առաջիկա ժամերը»,-ասաց նա:
Նա նշեց, որ այդ փաստաթուղթը իմաստ չունի ենթարկել որեւէ տնտեսական վերլուծության, քանի որ դրա տնտեսական մասը բովանդակազուրկ է եւ զրոյական: Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ եթե գոնե մինիմալ տնտեսկան հիմնավորում կամ շարժառիթ լիներ այդ Եվրասիական ինտեգրացիոն կոչվող գործընթացում, ապա Կրեմլը վաղուց էր սրբագրել իր քաղաքականությունը որպեսզի այդքան վնաս չկրեր, որքան կրում է: «Պուտինի ռեժիմը պատրաստ է գնալ ցանկացած զոհողությունների միայն թե թույլ չտա հետխորհրդայաին երկրներին դուրս գալ իր ստվերից դեպի քաղաքակիրթ աշխարհ: Անլուրջ է խոսել տնտեսական օգուտների մասին, ինչպես նաեւ անլուրջ է ասել, թե Հայաստանը ստորագրելով չի կորցնում իր սուվերենությունը»,-ասաց նա:
Փորձագետը շեշտեց, որ հանձնելով տնտեսական եւ առեւտրային քաղաքականությունը ինչ-որ վերպետական մարմնի, իսկ Եվրասիական միության պարագայում դա Ռուսատանն է, հաշվի առնելով, թե ՌԴ-ն ինչ անհամաչափ ազդեցություն ունի ՀՀ-ում քաղաքական, ռազմական, տնտեսական, լրատվական եւ մնացյալ ոլորտներում, դժվար չէ հասկանալը, թե ինչի տակ ենք ստորագրում եւ դա ստորագրելուն պես իշխանությունը կլինի ոչ թե իշխանություն, այլ պահակ:
«Ցավոք, քաղաքական դաշտի մյուս հատվածը՝ այլընտրանքային ոչ իշխանական եւ չգիտեմ հակաքաղաքագիտական ինչ տերմիններով են իրենց կոչում, նրանց մեղմ ասած անտարբերությունը այս գործընթացի նկատմամբ ցույց է տալիս, որ Հայաստանն այս պահին ուղղակի նայոմ է Ռուսաստանի երախին, այնպես ինչպես ճագարը՝ օձին, նույնիսկ փորձ չի անում փախչել ,եւ այստեղ քաղաքացիական հասարակությունը իր անելիքն ունի, պետք է ընդվզի, քանի որ Ռուսաստանի այսպիսի ներկայությունը կվերածվի Ռուսաստանի օկուպցիայի»,-ասաց Ռուբեն Մեհրաբյանը:




























