Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Միշա Սարդարյանն այսօր` հոկտեմբերի 9-ին, ամփոփել է վերջին ինն ամիսներին կատարված աշխատանքները:

«Նախորդ տարվա համեմատ կտրուկ նվազել է հին նմուշի անձնագրերի տպագրությունը: Անցած տարվա 344 հազարի փոխարեն այս տարի տպվել է 100 հազար նմուշ: Վերջին ամիսներին կենսաչափական տվյալներ պարունակող անձագիր է ստացել 93 հազար մարդ, 362 հազար քաղաքացի ստացել է ՀՀ-ից դուրս գալու վիզա, նախորդ տարի` 400 հազար էր: Հունվարի մեկից առ այսօր մոտ 10 հազար քաղաքացի դիմել է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու կամ քաղաքացիությունը դադարեցնելու համար: Ի դեպ, 9117-ը քաղաքացիություն ստանալու է դիմել: 304 փախստական ստացել է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ»,- ասաց Միշա Սարդարյանը:

Նրա խոսքով` նոր սարքեր են տեղադրվում անձնագրային եւ վիզաների վարչության բոլոր տեղամասերում, որպեսզի ավելի հեշտ քաղաքացիները դիմեն նույնականացման քարտ եւ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրեր ստանալու համար դիմելու համար: Ինչ վերաբերվում է տեղաշարժվելու հետ կապված խնդիրներ ունեցող քաղաքացիներին, ապա վարչությունն այդ մասին էլ է հոգացել. բարեփոխումների շնորհիվ` այդ քաղաքացիներին անձագիր ստանալու համար լուսանկարներն արվելու են հենց այդ քաղաքացու տանը: