Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի կովկասյան ծրագրի շրջանակներում հայտարարվում է մրցույթ, որի մասնակիցները կարող են արժանանալ Եվրոպական Միության «Խաղաղության լրագրության» համար սահմանված հատուկ մրցանակի:

Մրցանակը խրախուսում եւ արժեւորում է  հակամարտությունների վերաբերյալ լրագրողական աշխատանքները: ԵՄ հատուկ մրցանակն ուղղված է լրագրողական էթիկայի բարձր չափանիշների զարգացմանը, ինչպես նաեւ վստահության եւ խաղաղության մթնոլորտի ամրապնդմանը:

Մրցանակը հանձնվելու է Հարավային Կովկասը ներկայացնող լրագրողներին: Մրցույթի ուշադրության կենտրոնում կլինեն հակամարտությունների նկատմամբ կառուցողական մոտեցում ցուցաբերող լրագրողական աշխատանքները: Ընդունվող աշխատանքները կարող են լինել տպագիր կամ էլեկտրոնային հոդվածների, ռադիո/հեռուստառեպորտաժների, ինչպես նաեւ կայքերում, բլոգային հարթակներում, սոցիալական մեդիայում տեղ գտած գրառումների, լրատվական գործակալությունների կամ էլեկտրոնային լրատվամիջոցների համար գրված թղթակցությունների տեսքով: Ներկայացվող աշխատանքները պետք է հրապարակված կամ հեռարձակված լինեն 2013 թ. հոկտեմբերի 1-ից, մինչեւ 2014թ. հոկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում:   

Մրցույթի հաղթողը կստանա 5000 եվրոյի չափով կրթաթոշակ`մեկ ամսով Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի լոնդոնյան գրասենյակում գտնվելու հնարավորությամբ: Այս կրթաթոշակային ծրագիրն իրականացվում է IWPR-ի`Հարավային Կովկասում ներուժի հզորացմանը, բաժանարար գծերի վերացմանը եւ լարվածության նվազեցմանն ուղղված նախագծի շրջանակներում, որն իրականացվում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:

Դիմումներն ու աշխատանքները կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով: Դիմումների ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 3-ն է: «Խաղաղության լրագրության» ԵՄ հատուկ մրցանակը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից: