Կատուների տերերի մեծ մասը խոստովանում է, որ իրենց ընտանի կենդանիները սպանելու բնազդ ունեն նույնիսկ այն դեպքում, եթե ժամանակի մեծ մասն անցկացնում են իրենց տերերի ծնկներին նստած:
Ընտանի կատուների վարքն ուսումնասիրած մասնագետները հանգել են եզրակացության, որ որսի ժամանակ նրանք ոչնչով չեն զիջում իրենց ավագ եղբայրներին՝ վագրերին եւ առյուծներին, եւ նույնիսկ գերազանցում են նրանց: Մասնագետների խոսքով՝ ընտանի կատուներն իրենց խոշոր ցեղակիցներից ավելի հզոր ու ճկուն են:
Գիտական հետազոտության շրջանակում մասնագետները GPS ցուցիչներ եւ տեսախցիկներ են ամրացրել քաղաքային պայմաններում բնակվող 100 կատուների վրա: Ի տարբերություն շփացած քաղաքային կատուների, որոնք, որպես կանոն, խաղում են մկների հետ (որովհետեւ նրանք գոյություն պահպանելու համար ստիպված չեն լինում որս անել), նրանց ֆերմերային ցեղակիցները կրծողների հետ հաշվեհարդար են տեսնում հաշված վայրկյանների ընթացքում:
Թագավորական անասնաբուժական քոլեջի փորձագետները ցուցիչներ են ամրացրել կատուների հոդերի վրա եւ վերլուծել նրանց թաթերի գործադրած ճնշումը: Պարզվել է, որ գրեթե միշտ այդ կենդանիների թաթերը կիսածալված են, նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք ամբողջ արագությամբ են շարժվում: Պրոֆեսոր Ջոն Հանթինգթոնը պարզաբանել է, որ այդ հանգամանքը բացատրում է, թե ինչու են կատուներն այդքան արագաշարժ եւ աննկատ:
Ընտանի կատուները պահպանել են իրենց որսորդական բնազդը, չնայած նրանցից շատերը որսի գնալու կարիք չունեն: Հետազոտությունները նաեւ ցույց են տվել, որ գյուղական եւ քաղաքային կատուները շարունակում են որս անել հարեւան անտառներում եւ այգիներում՝ շաբաթական առնվազն չորս անգամ որս տուն բերելով:




























