Էստոնիայի նախագահ Տոոմաս Հենդրիկ Իլվեսը որոշում է ստորագրել, որով հաստատել է հինգշաբթի խորհրդարանի կողմից ընդունված համատեղ կեցության մասին օրենքը: Այն արտամուսնական միությամբ ապրողներին, այդ թվում՝ նույնասեռ զույգերին, հնարավորություն է ընձեռում պաշտոնապես գրանցել հարաբերությունները:
«Ժողովրդավարական Էստոնիայի Սահմանադրությունը հավասար վերաբերմունք է պահանջում բոլորի հանդեպ: Մենք շատ քիչ ենք, որպեսզի որեւէ մեկի հանդեպ խտրականություն դրսեւորենք»,- հայտարարել է պետության ղեկավարը՝ ստորագրելով շատերի համար վիճելի իրավական ակտը, որն ուժի մեջ է մտնելու 2016 թվականից: «Էստոնիան պետք է բոլորի համար ապրելու լավագույն վայրը լինի: Մեզ համար կարեւոր է յուրաքանչյուր ոք»,- Իլվեսի խոսքերն է մեջբերում ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:
Նույնասեռ միություններն օրինականացնելու մտադրությունն էստոնական հասարակությունը միանշանակ չի ընդունել: Օրենքի քննադատները նշում են, որ այն «կխարխլի հասարակության բարոյական արժեքները»: Պետության կողմից ճանաչված կրոնական բոլոր հարանվանությունների առաջնորդները նույնպես դեմ են արտահայտվել:




























