«Տիտանիկ»-ի տախտակամածի գծագիրն ու նավի ռեստորանից պահպանված միան ճաշացանկը հանվել է աճուրդի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Պատմական այս փաստաթղթերը պատկանում են ողջ մնացած ուղեւորներից մեկին՝ սպասուհի Էլիզ Լյուրետին:
Աղբյուրը հիշեցնում է, որ «Տիտանիկ»-ը խորտակվել է 1912 թվականի ապրիլին, ինչի արդյունքում ավելի քան 1.500 ուղեւոր եւ անձնակազմի անդամ է զոհվել: Լյուրետին առաջին կարգի խցիկ է բաժին ընկել, քանի որ նա աշխատել է հարուստ Սփենսերների ընտանիքում: Գծագրի օգնությամբ սպասուհին կարողացել է հասնել փրկարարական նավակներին, իսկ ճաշացանկը գտնվել է նրա վերարկուի գրպանում: Նշվում է, որ ուղեւորներին լանչին առաջարկվել է ոլոռի ապուր եւ ոչխարի միս:
Գծագրի եւ ճաշացանկի արժեքը կարող է կազմել 70 հազար ֆունտ սթեռլինգ: Աճուրդի է հանվել նաեւ մի բացիկ, որը Լյուրետը «Տիտանիկ»-ից ուղարկել է իր զարմիկին:
Աճուրդը կայանալու է հոկտեմբերի 18-ին:




























