Աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը Ժնեւի հիվանդանոցում է, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով համերգների կազմակերպմամբ զբաղվող շվեյցարական Opus On ընկերությանը:

Ըստ աղբյուրի՝ Ազնավուրը հիվանդանոց է տեղափոխվել, որպեսզի բացառվի վերջին օրերին ի հայտ եկած վարակի զարգացումը: 

Ընկերությունն ընդգծում է, որ դրա հետեւանքով հետաձգվել է այս տարի 90-ամյակը տոնող մեծանուն երգչի Ժնեւում նախատեսված համերգը:

Հոկտեմբերի 3-ին Ազնավուրը համաշխարհային հոբելյանական շրջագայության  շրջանակում հրաժեշտի համերգ էր տվել Մոսկվայում՝ «Կրոկուս Սսիթի Հոլ» դահլիճում: