Հայաստանի համար կարեւոր առաջնահերթությունը, անշուշտ, մնում է համագործակցությունը ռազմական ոլորտում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որը աշխատանքային այցով գտնվում է Բելառուսի Հանրապետությունում եւ այսօր Մինսկում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով:

«Հայաստանի համար կարեւոր առաջնահերթությունը, անշուշտ, մնում է համագործակցությունը ռազմական ոլորտում, իրավապահ մարմինների եւ սահմանապահ գերատեսչությունների գծով, թմրանյութերի տարածմանը, թրաֆիքինգին եւ անօրինական միգրացիային հակազդեցության ոլորտում, ֆինանսական հետախուզության բնագավառում: Այդ ուղղությամբ մեծ աշխատանք ունեն իրականացնելու ճյուղային համագործակցության համապատասխան մարմինները, որոնց գործունեությունը պետք է ուղղվի որոշակի խնդիրների լուծմանը եւ շոշափելի արդյունքների ձեռքբերմանը: Հենց այդպիսի տրամադրվածությամբ է Հայաստանն ընթացիկ տարում անցկացրել Համագործակցության մարմինների մոտ 10 նիստ»,- նշել է Սարգսյանը:

Նրա խոսքով, հաջորդ տարի նախատեսվում է Վորոնեժն ու Կուլյաբը հայտարարել «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ», իսկ տարին՝ կրթության տարի: «Հուսով ենք, որ այդ որոշումների իրագործումը նպաստելու է մեր ընդհանուր հումանիտար տարածքում կապերի ամրապնդմանը, մշակույթի, կրթության եւ գիտության ոլորտներում շփումների զարգացմանը, ինչպես նաեւ զբոսաշրջային փոխանակումների ընդլայնմանը: Այդ նախագծերն ամբողջապես համահունչ են Հայաստանում բարձրորակ կրթության ապահովման եւ գիտելիքահենք տնտեսության ստեղծման ուղղությամբ մեր քաղաքականությանը: Այդ ոլորտները մեր երկրում հռչակված են պետական առաջնահերթություն: Մի քանի օրից Դիլիջանում կբացվի Համագործակցության տարածքում առաջին դպրոց-պանսիոնը, որը մտնում է Համաշխարհային միացյալ քոլեջների կրթական ցանցի մեջ, որտեղ սովորելու համար Հայաստան են ժամանել 96 պատանիներ աշխարհի 50 երկրներից, այդ թվում՝ 14 հոգի ԱՊՀ պետություններից:

Հայաստանը հանդես է գալիս ԱՊՀ հետագա ամրապնդման, ԱՊՀ մասնակից պետությունների հետ իրավահավասար, փոխշահավետ, միմյանց շահերը հաշվի առնող համագործակցության զարգացման օգտին: Համագործակցությունում ապագա նախագահողին՝ Ղազախստանին, 2015 թվականին շատ անելիքներ են սպասվում, եւ մենք հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ ուժերի ներածին չափով աջակցություն ցուցաբերելու ղազախ գործընկերներին մեր առջեւ ծառացած ընդհանուր խնդիրների լուծման գործում»,- ամփոփել է Սերժ Սարգսյանը: