Ներկայիս Հայաստանի արժեքները վանում են արաբական երկրներից եկած հայ փախստականներին, հոկտեմբերի 10-ին հայտարարել է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:
Նա հավելել է, որ հենց այդ պատճառով էլ չպետք է մտածել, որ Իրաքի եւ Սիրիայի հայերը Հայաստանում երկար կմնան եւ կհամալրեն հանրապետության բնակչության նոսրացող շարքերը: Ըստ նրա՝ երկրում աշխատատեղերի պակասը կարեւոր, սակայն միակ գործոնը չէ, որ շատերը Հայաստանն իրենց տունը չեն պատկերացնում:
«Նրանք մեր երկրում հոգեբանական անհարմարություն են զգում: Արժեհամակարգը, որին իրենք սովոր են, չի համընկնում այստեղինի հետ: Օրինակ՝ արաբական երկրներում գլխավոր արժեքներից մեկը արդարությունն է: Թե որ տեղում է այն մեր հասարակության արժեքների շարքում, դատեք ինքներդ: Այնուհետեւ պատկերացրեք եկվորների արձագանքը եւ այն, թե որքան արագ նրանք կցանկանան տուն վերադառնալ, երբ դա հնարավոր լինի», - հավելել է Եգանյանը:




























