Անհետ կորելուց մեկ օր անց հայտնաբերված 65-ամյա Ալեքսանդր Վալենտինի Սինյավսկու մոտ առկա է ծանր գանգուղեղային տրավմա, կոտրվածքներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին նրա հարազատները:
Նա այժմ գտնվում է Հանրապետական հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքում: Տղամարդը գիտակցության եկել է, բայց քանի որ տառապում է սկլերոզ հիվանդությամբ եւ չի խոսում, հնարավոր չէ պարզել, թե ինչ է նրա հետ կատարվել: Բժիշկները եւս պատկերացնում չունեն, թե այդպիսի վնասվածքները ինչից կարող է առաջացած լինել: Հնարավոր է հենց վաղը Ալեքսանդր Վալենտինի Սինյավսկին տեղափոխվի հիվանդասենյակ, բայց առնվազն մեկ շաբաթ կմնա հիվանդանոցում:
Ծեծե՞լ են նրան, վրաերթի են ենթարկե՞լ, թե՞ վնասվածքները ընկնելու հետեւանքն է, այս հարցով զբաղվում են նաեւ իրավապահները: Հարազատները հաղորդում են ներկայացրել նաեւ ոստիկանություն, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, առայժմ քրեական գործ չկա հարուցված: Բանն այն է, որ Շիրազի փողոցում, որտեղ գտել են տղամարդում առկա են տեսախցիկներ, որոնք կառգրավվեն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 8-ին, ժամը 17.00-ի սահմաններում 65-ամյա Ալեքսանդր Վալենտինի Սինյավսկին դուրս էր եկել տնից եւ չէր վերադարձել: Նրա որդին ահազանգել էր մեզ՝ հայտնելով, որ հայրը տառապում է առաջին աստիճանի սկլերոզ հիվանդությամբ, բոլորովին չի խոսում եւ շփման մեջ չի մտնում:




























