Հայաստանն ավանդաբար մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին, որը խոշորագույնն է աշխարհում` ներկայացված երկրների եւ մասնակիցների թվով:

Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե այս տարի եւս հոկտեմբերի 8-12-ը Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին: Հայաստանյան տաղավարում կներկայացվեն ինչպես պետական աջակցությամբ, այնպես էլ մասնավոր հրատարակությունների կողմից վերջին տարիներին հրատարակված լավագույն նմուշները: Առանձին հատվածով կներկայացվեն Հայոց ցեղասպանությանը վերաբերող վերջին տարիներին հրատարակված գրքերը:

Ցուցահանդեսի շրջանակներում` հոկտեմբերի 11-ին տեղի կունենա ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» գրքի հայերեն, ռուսերեն եւ անգլերեն հրատարակությունների շնորհանդեսը, ինչպես նաեւ հայկական խոհանոցի վերաբերյալ գերմաներեն հրատարակության շնորհանդեսը: Հոկտեմբերի 12-ին կանցկացվի «Մարդասիրությունը եւ գրականությունը» խորագրով քննարկում, որի ժամանակ կխոսվի ցեղասպանությունները կանխելու գործում գրականության դերի մասին: Քննարկման ընթացքում ելույթով հանդես կգան թուրքական «Բելգե» հրատարակության ղեկավար Ռագիփ Զարաքոլուն եւ թուրք գրող Գուլչիչեկ Գյունել Թեքինը, ով եւս հայտնի է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր ստեղծագործություններով:

Հայաստանյան պատվիրակության կազմում են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, «Զանգակ», «Անտարես», «ԵՊՀ» հրատարակչությունների ղեկավարները, «Գրքի եւ հրատարակչական գործի» կենտրոնի ներկայացուցիչները եւ ոլորտի այլ մասնագետներ:

Հայաստանյան պատվիրակությունը հանդիպում կունենա Մայնի Ֆրանկֆուրտի եւ հարակից երկրամասում ապրող հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: