Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցությունից հետո հայկական մրգերը, բանջարեղենն ու կոնյակը կարող են ռուսական շուկայում զբաղեցնել մոլդովական արտադրանքի տեղը: Այս մասին գրում է «Վզգլյադ» պարբերականը՝ վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Տատյանա Վալովայային:
«Եթե վերցնենք պտուղ-բանջարեղենային արտադրանքը, ապա բազմաթիվ ցուցանիշներով Հայաստանն ու Մոլդովան նման են. ալկոհոլ, պտուղ-բանջարեղեն: Իհարկե, հիմա զգալի շահեկան դիրքում կհայտնվեն հայկական արտադրողները, քանի որ նրանք կսկսեն իրենց արտադրանքը մատակարարել նույն սերտիֆիկատներով, առանց լրացուցիչ վերահսկողության: Եվ, իհարկե, նրանք կգրավեն մոլդովական արտադրողների որոշ մասի տեղը»,- նշել է Վալովայան:
Նա ընդգծել է, որ այս հարցում ոչ մի քաղաքականություն չկա: Բիզնեսն ինքն է որոշում, թե ինչն է իր համար ավելի շահեկան:
Հիշեցնենք, որ Տնտեսական միասնական տարածքի հիմքի վրա Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագիրը Բելառուսը, Ղազախստանը եւ Ռուսաստանը ստորագրեցին 2014 թվականի մայիսին: Այն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ին:




























