Ղրղզստանը կարող է Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալ մինչեւ 2015 թվականի ավարտը: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այսպիսի հույս է հայտնել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը:

Ղրղզստանի կառավարությունը Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի Մաքսային միությանը երկրի միանալու մասին խնդրանքով դիմել է 2011 թվականի գարնանը: ՄՄ-ին Ղրղզստանի անդամակցության միջոցառումների ծրագիրը հավանության է արժանացել 2014 թվականի մայիսի 29-ին, Աստանայում:

«Առայժմ համաձայնագիրը վավերացրել են միայն երեք երկրներ՝ Բելառուսը, Ռուսաստանն ու Ղազախստանը, սակայն դռները բաց են»,- պաշտոնապես լուծարված Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷս) Միջպետական խորհրդի նիստի ժամանակ ասել է Նազաբաեւը:

«Մենք հույս ունենք, որ մինչեւ հունվարի 1-ը Ղրղզստանին կընդունեն կազմակերպություն: Ճանապարհային քարտեզն իրականացվում է»,- ասել է Ղազախստանի նախագահը: Նա նաեւ նշել է, որ ԵվրԱզԷս-ի շրջանակում կնքված 151 համաձայնագրերից Եվրասիական միությունում կշարունակեն գործել 87-ը:

Իր հերթին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Տատյանա Վալովայան նշել է, որ ԵՏՄ-ին Ղրղզստանի փաստացի անդամակցության ժամկետներ նշելը դժվար է, սակայն ղրղզական կողմն արդեն ակտիվորեն համագործակցում է Միության հետ: