2015 թվականից Եվրասիական տնտեսական միության երկրները կսկսեն մակնշել մորթեղենը՝ մաքսանենգությունից եւ անօրինական շրջանառությունից խուսափելու համար: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Խրիստենկոյին:
«Քննարկվել է թեթեւ արդյունաբերության արտադրանքի մակնշման համակարգ ստեղծելու հարցը՝ շրջանառությունը կարգավորելու եւ շուկայում մաքսանենգ ապրանքների հայտնվելը թույլ չտալու համար: Փորձնական ծրագիրը պետք է ի հայտ գա արդեն հաջորդ տարի»,- տեղեկացրել է Խրիստենկոն:
Նրա խոսքով՝ դա «մեծ ու կարեւոր հարց է, որը վերաբերում է այդ շուկայում ապօրինի շրջանառության մեծ ծավալներին»:
Փորձագետների գնահատականներով, թեթեւ արդյունաբերության արտադրանքի ապօրինի շրջանառությունը գերազանցում է շուկայի ընդհանուր ծավալի 40%-ը:



























